Category Archives: ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:
1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:
… Համաձայն ընդհանուր կարգի` զինվորները պարտավոր էին «ոտքի լինել» առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ հետո տրվում էր առավոտյան թեյը, 6:30-ից մինչև 9:30-ը «բոլոր վաշտերում ու ջոկատներում» սկսվում էր մարզանքը, 11:30-ին ճաշն էր, որից հետո հավանբար հանգիստ էր տրվում, ստուգումը, որով ավարտվում էր զինվորների աշխատանքային օրը, կատարվում էր երեկոյան ժամը 8-ին:
Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:
  
Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներում հրացանաձգության վարժություններ: Նախորդ օրը ստացել էին «զինվորական բոլոր պարագաները, այն է` ջրաման, պայուսակ իրեղենների, տոպրակ երկուական հատ, մեկը ուտեստի պաշարի, մյուսը թել-ասեղի համար, փամփուշտակալներ, կացիններ, կերակրամաններ, յուրաքանչյուր տասնյակի համար մի չայնիկ, թեյամաններ, յուղամաններ, ուսադիրներ,— բոլոր պարագաները, ինչ որ հրահանգված է տնտեսական մասի կառավարողին»:
Կամավորներին ռազմական գործին վարժեցնում էին ցարական բանակից հատուկ այդ նպատակով հրավիրված կադրային հայ զինվորներ ու ցածրաստիճան սպաներ: Կամավորականների համար 1915-ին հաստատվում է միասնական զինվորական հանդերձանք` կանաչ ուսադիրներով, որոնց վրա կարդացվում էին АД տառերը (армянские добровольцы) գծիկով, որին հաջորդում է համապատասխան գումարտակի համարը (ասենք` АД-6):
Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին: Գումարտակում մեծ թվով հնչակյանների կային, որի պատճառով այն կոչվում էր «հնչակյան»:
1915թ. սեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտայը առանց կռիվների հասնում է Վան, այնտեղից` Անգեղ գյուղը, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետ: Կամավորական գումարտակն ազատագրում է Նարեկը և Աղթամարը: Այնուհետև, մինչև նոյեմբեր ամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունենում 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերում է Շեյթանաբադ գյուղում, որտեղ, քրդական դարանակալ հարձակումից ամբողջովին ոչնչանում է: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:
1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս… ու առևտրական գործակալ… Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:
1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:
Պարտվելով համաշխարհային պատերազմում և 1918թ. հոկտեմբերին կնքելով Մուդրոսի զինադադարը թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:
Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:
Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:
«ՆՈՅԵՄԲԵՐ» միության անդամները Եղիշե ՉԱՐԵՆՑԻ հետ,
Երևան, 1926 թ.։
1. Մկրատիչ Արմեն
2. Գառնին Ղազարյան  3. Տիրան Ղազանչյան

4. Անուշավան Վարդանյան
5. Եղիշե Չարենց 6. Վաղարշակ Նորենց
7. Գուրգեն Մահարի 8. Գեղամ Սարյան 9. Սուրեն
1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:
Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: …Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: …Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը:
Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:
1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:
1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:
1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:
1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն… իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:
Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.
— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:
1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:
Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:
Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:
«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում…
— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:
Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:
1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:
Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…
Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

ՍԱՅԱԹ – ՆՈՎԱ

Սայաթ-Նովա (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս – 22.9. 1795, Թիֆլիս), ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։
ՍԱՅԱԹ – ՆՈՎԱԻ մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»), սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՆ. կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի)։
ՍԱՅԱԹ – ՆՈՎԱԻ ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրք, (ադրբ.) խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով, որ «Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ…», «խալխի նոքար Սայաթ-Նովան» գեղեցկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգ. ու դասային խտրության։
Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ [66–ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն, 125-ը՝ ադրբեջաներեն (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը], որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը։
Սայաթ-Նովայի հայտնի ամենավաղ թվակիր խաղը («Ծովեն ելած թանգ մարքարիտ ու մարջան…») վերաբերում է 1742-ին։ Պահպանվածների մեջ, հավանաբար, կան և ավելի վաղ հորինվածներ։ Ծանոթ վերջին խաղը («Աշխարըս մե փանջարա է…») թվագրված է «ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին». այսինքն՝ 1759-ի ապրիլին։
Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, թասլիբներ, վարսաղներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ (քառյակներ), այբբենականներ, զինջիրլամաներ կամ շարակապներ, յարանաներ կամ սիրահարականներ, օգուտլամաներ կամ խրատականներ, իլահիներ կամ աստվածայիններ, բարիթավուրներ կամ ալիքավորվողներ, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ են, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։ Հայտնի է, որ մի մասը երգվել է ինչպես Նաղաշ Հովնաթանի, Դոստիի և այլոց երգերի եղանակներով, այնպես էլ իր հորինած մեղեդիներով՝ «Դիբա և ենգիդունիա» և «Գուլ իս անգին»։
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը:

Ամեն մարթ չի կանա խրմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.

Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։

Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է…

Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ին և 1759-ին՝ վերջնականապես)։
Սայաթ-Նովան կոչումով աշող է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
Իբրև սիրերգու՝ Սայաթ-Նովան գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերին հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ո՛չ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալ. անհավասարությունը, գեղեցկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկայինի աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի, մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը («Աշխարըս՝ մի փանջարա է…», «Արի, ինձ անգաճ կալ…», «Արի համով ղուլուղ արա…», «Առանց քիզ ի՛նչ կոնիմ…» ևն)։
Գունագեղ պատկերների, երաժշտ. հնչյունների ստեղծման անզուգական վարպետ է Սայաթ-Նովան։ Նրա խաղերը, անգամ տխուր ու հուսահատ, մերթ խաղաղություն են բերում մարդու հոգուն՝ Առակաց գրքից. Հայսմավուրքից ու Յոթ իմաստասերների պատմությունից և ժողովրդի բառ ու բանից քաղված իմաստալից խրատներով, մերթ էլ բոցավառում նրա երևակայությունը՝ վերստեղծելով ամենակատարյալի մտապատրանք։ Սայաթ-Նովայի լեզուն արլ. փոխառություններով և ժողովրդական մտածողության կենդանի արտահայտություններով հարուստ թիֆլիսահայ խոսվածքն է։
Սայաթ-Նովան մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրկականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց քաղ. ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVI դ. ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում լայն տարածում գտած, մասամբ էլ անցեղ ու անհայրենիք, թափառական երգիչ-նվագածուների թուրքալեզու խաղերին՝ Սայաթ-Նովան հակադրել է հայալեզու երգերն ու խորապես մարդկային ապրումներ արտահայտող ստեղծագործությունները և կամրջել միջնադարյան բանաստեղծությունն ու ձևավորվող նոր քերթությունը, ժող. խաղն ու անձնական քնարերգությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան. իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։
Սայաթ-Նովան գրական նորարար է, սիրո և արդարության քարոզիչ, բանաստեղծ, երգիչ, երգահան ու նվագածու՝ միաժամանակ։
1759-ի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։
1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հվ. ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760)։ Ե՛րբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտր. ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ)։ Այդ կամ հաջորդ տարվանից Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում (հավանաբար 1784-ին) միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտեմբերին, Աղա-Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս. Գևորգ եկեղեցու բակում։
1914-ից ամեն տարի մայիսին այդտեղ մեծարվում է Սայաթ-Նովայի հիշատակը՝ ժողովրդական այցելությամբ և վարդատոնով (նախաձեռնողը եղել է Հ. Թումանյանը)։
Մեծ բանաստեղծի մոռացված ստեղծագործություններին հարություն տվողը և սայաթնովագիտության հիմնադիրը եղել է հայագետ Գ. Ախվերդյանը։ 1848-ի մայիսին ձեռք բերելով աշուղի Դավթարը, հետազոտական քրտնաջան աշխատանքից ու որոնումներից հետո, 1852-ին լույս է ընծայել Սայաթ-Նովայի հայ. խաղերի առաջին ժողովածուն (46 խաղ)՝ կցելով բանաստեղծի կենսագրությունը, Թիֆլիսի բարբառի քննությունը և առանձին ոտանավորների բառապաշարին վերաբերող արժեքավոր մեկնաբանություններ։ Դա ծրագրված «Գուսանք» մատենաշարի միակ գիրքը եղավ։ Ախվերդյանի ազդեցությամբ ռուս բանաստեղծ Յա. Պոլոնսկին Սայաթ-Նովայի մի քանի խաղ թարգմանել է ռուսերեն և նրա մասին ուսումնասիրություն հրատարակել Թիֆլիսի «Կավկազ» («Кавказ») թերթում (1851, 1852)։ Հետագայում նոր խաղեր են հայտնաբերել ու հրատարակել բանասերներ Գ. Տեր-Աղեքսանդրյանը (1885), Գ. Ասատուրը (1903), աշուղ Սկանդար-Նավեն (1912) և ուրիշներ։ Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը ժողովրդականացնելու գործում մեծ վաստակ ունեն Հ. Թումանյանը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը և ուրիշներ, որոնց ջանքերով 1913-ին տոնվել է մեծ երգչի ծննդյան 200-ամյա հոբելյանը և 1914-ին հրատարակվել հայկական խաղերի առավել լրիվ ժողովածուն («Սայաթ-Նովա»)։
Սայաթնովագիտությունը բուռն զարգացում ապրեց սովետական կարգերի հաստատումից հետո ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Հրատարակվեցին նոր ժողովածուներ, գրվեցին հետազոտություններ։ Այդ մարզում իրենց ներդրումն ունեն բանասերներ Գ. Լևոնյանը, Ռ. Աբրահամյանը, Հ. Զավրյանը, Ն. Աղբալյանը, Ա. Ղանալանյանը, Խ. Սարգսյանը, Գ. Աբովը, Ս. Հարությունյանը, Պ. Սևակը, Լ. Մելիքսեթ-Բեկը և ուրիշներ, ամենից ավելի՝ Մ. Հասրաթյանը, որը կազմել է Սայաթ-Նովայի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի» նոր և ամենաընդարձակ ժողովածուն (3-րդ հրտ. 1963), թարգմանել վրացերեն 32 և ադրբեջաներեն 85 խաղ, գրել ուշագրավ մեկնաբանություններ, տվել Սայաթ-Նովայի խաղերն ամփոփող Դավթարի նկարագրությունը, մեկնաբանել բանաստեղծի երգերի բառապաշարը։
Սայաթ-Նովայի կյանքը նյութ է դարձել գրական երկերի (վեպ, նովել, պոեմ, դրամա, բալլադ, ոտանավորներ) և արվեստի ստեղծագործությունների (օպերա, կինոնկար, թեմատիկ նկարներ)։ Նրա երևակայական նկարն ստեղծել են Գ. Շարբաբչյանը, Հ. Ռուխկյանը, քանդակել է Ա. Հարությունյանը։ Սովետական Հայաստանում Սայաթ-Նովայի անունով են կոչվում դպրոցներ, փողոցներ, գուսանական-երաժշտական խմբեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուս, և աշխարհի մի շարք այլ լեզուներով։
 1963-ի խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։
Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Գ. Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976-ին Սայաթ-Նովայի անունով կոչվեց Մերկուրիի խառնարաններից մեկը (այսպես կոչված՝ Մարսի ծովի հարավում)։

Պ. Հակոբյան

 Սայաթ-Նովան առաջնակարգ երաժիշտ-հորինող է։ Նրա խազերը մեծագույն մասով հորինվել են որոշակի եղանակներով հանդերձ (խոսքերում առկա են երգային կրկնակներ կամ եղանակի մասնավոր ձևի հետ կապված՝ բառերի հավելյալ կրկնումներ)։ Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր շատ խաղեր օժտել է սեփական հատուկ եղանակներով։ Օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները և այդպիսի դեպքում ոտանավորին կցել եղանակը հուշող ծանոթագրություն։ Թե՛ մեկ և թե՛ մյուս եղանակները գործնականորեն մեզ են հասել բանավոր հաղորդման միջոցով։ Հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել Մ. Աղայանը և Շ. Տալյանը (տպ. Ե., 1946 և 1963), ժողովրդի մեջ գոյություն ունեն նաև անտիպ մնացող եղանակներ կամ տարբերակներ։
 Սայաթ-Նովայի եղանակների հիմքը հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժողովրդական և գուսանա-աշուղական երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժողովրդական-գործիքային նվագ), այդ երաժշտության ինտոնացիաները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխավոր գործոնը։ Սայաթ-Նովան աշուղի երաժշտական արվեստը նաև որոշ տարրեր ու բնորոշ գծեր է ներառել Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որն այն ժամանակ միավորում էր մերձավորարևելյան երաժշտության մաս կազմող բազմազան ազգային ավանդույթներ։ Այդ բոլոր տարրերը, թե՛ աշուղի սեփական և թե օգտագործած ավանդական եղանակներում, իր՝ հեղինակի ստեղծագործական մտածելակերպի համաձայն «խմբագրվել են», վերաձուլվել ու վերարտադրվել մի միասնական ոճում, որը բնութագրվում է որպես սայաթնովյան ոճ։ Սայաթ-Նովայի երգերի ներկայումս հայտնի եղանակները, մեծ մասամբ, ակնառու վարպետության արգասիք են։ Ընդհանուր բնույթով աշուղական՝ դրանք օգտագործում են ինչպես երգային, այնպես էլ ասերգային հնարներ, համանման սկզբունքներով ծավալվող ավարտուն ձևերում երևան են բերում ներքին նկատելի բազմազանություն։ Երբեմն մեղեդիները հոսում են տարբեր ձայնակարգերի բարդ զուգորդումներում («Բլբուլի հիդ»), մեղեդիական միևնույն կառույցի տարբերակումներով գոյանում են ընդարձակ կառուցվածքներ («Դուն էն գլխեն իմաստուն իս», որի եղանակը՝ Չարգյահի ձայնակարգում՝ ավանդաբար գալիս է Բաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղից)։ Հետաքրքրական են միջնադարյան այլ տաղերի ու գուսանական նվագարանային երաժշտության տարրեր օգտագործող լայնածոր մեղեդիները («Մե խոսկ ունիմ» երգի 2-րդ տարբերակը), մետրական առանձնապես դինամիկ հիմք ունեցող նմուշները («Էշխն վառ կրակ» երգում՝ 8/8 և 7/8 խառը չափերի զուգորդումը), պարային ռիթմական կերտվածք ունեցող եղանակներում միևնույն մետրի տարբեր (երկմաս և եռամաս) մեկնաբանումը («Պատկիրքտ ղալամով քաշած»), բանաստեղծության չափի, ռիթմի և շեշտականության ճշգրիտ երաժշտականացումը («Փահրադն մեռած», «Քանի վուր ջան իմ» ևն)։
Բոլոր երգերը հուզառատ են, ինչպես վայել է իսկական աշուղական երգին։ Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության («Առանց քիզ ի՞նչ կոնիմ» ևն)։ Մեզ հասած երգերը թեև փոքրաքանակ են, բայց ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները։ Միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր երգ ինքնատիպ է ջ ունի իր սեփական դեմքը։ Դրանով Սայաթ-Նովա երգահանը անհամեմատ բարձր է կանգնած սոսկ ավանդական եղանակներով ու դրանց տարբերակումներով երգած աշուղներից։ Սայաթ-Նովան նաև նշանավոր երաժիշտ– կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն» երգեցողությունն ուղեկցել է նախ` սազի, ապա՝ թամբուրի և չոնգուրի, ի վերջո` իր ամենասիրած քամանչայի վարպետ նվագով։ Իր արվեստով նա ոչ միայն մեջլիսներ է զարդարել, այլև արդեն այն ժամանակ լայն ժողովրդականություն է վաստակել։ Սայաթ-Նովայի արվեստը մեծ դեր է կատարել Անդրկովկասի աշուղության զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա։ Սայաթ-Նովայի երգերը սովետահայ կոմպոզիտորներից շատերը մշակել են դաշնամուրային, անսամբլային և սիմֆոնիկ նվագակցությամբ մեներգելու, ինչպես և երգչախմբով ու կապելլա կատարելու համար։ «Սայաթ-Նովա» օպերա է հեղինակել (աշուղի երգերի մասնակի օգաագործումով) կոմպոզիտոր Ա. Հարությունյանը։

Ռ. Աթայան

ԸՆԴԱՌԱՋ ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻՆ

   …Եվ պատերազմի գործը երկարելով՝ օրը տարաժամեց և երեկոյան դեմ դադարեց, շատերն իրենց մահվան օրհասը գտան, մանավանդ որ ընկածների դիակներն այնպես խիտ էին ու իրար մոտ թափված, ինչպես անտառի կտրատված փայտերը։
   Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումն ու աղեղների խորտակումը, ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների մարմինները, և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար: Ւսկ ովքեր (կենդանի) էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձորերի լեռնադաշտերում. և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաժան գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը։
  Եվ որովհետև ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցվեցին հորդահոս արյունով։ Մանավանդ, երբ մեկը տեսնում էր ընկած բազմաթիվ դիակների կույտերը՝ սիրտը կտրատվում էր, և աղիքները՝ գալարվում, լսելով խոցվածների մրմռոցը և ջարդվածների մռնչյունը, վիրավորների թավալգլոր սողալն ու շարժվելը, վախկոտների փախուստը, վհատվածների թաք կենալը, անարի մարդկանց սրտաբեկությունը, թուլասիրտների ճիչերը, սիրելիների ողբը, մերձավորների սուգը, բարեկամների վայնասունը: Որովհետև ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն
կրեցին։
 Բայց որովհետև հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված ժողովեին մնացած զորքերը: Թեպետև ողջ մնացածներն ավելի շատ էին, քան մեռնողները, սակայն նրանք ցանուցիր եղան և քաշվեցին երկրի զանազան ամուր տեղերը և ուժով տիրեցին շատ գավառների ու բերդերի, որոնք ոչ ոք մինչև իսկ առնել չէր կարողանում: 
 …Իսկ երանելի առաքինիների և կապվածների ու պատերազմում ընկածների կանանց ամբողջ Հայոց աշխարհում ես հաշվել չեմ կարող, որովհետև չիմացածներս ավելի շատ են, քան՝ իմացածներս։ Հինգ հարյուրի չափ անուն–անուն ճանաչում եմ, ոչ միայն նրանցից, ովքեր ավազագույններից էին, այլև շատերին կրտսերագույններից։
Բոլորը միահամուռ երկնավոր նախանձով լցված ամենևին պակաս չմնացին նրանցից, ովքեր աշխարհ չէին մտել: Որովհետև թե՛ ավագագույնները և թե՛ մանկագույնները հավատի միևնույն առաքինությամբ զգեստավորվեցին: Ամենևին չհիշեցին մայրենի ազատության փափկության անունը, այլ իբրև այնպիսի մարդիկ, որոնք հենց սկզբից նեղությունների են համբերել շինական սովորությունների օրինակով և տանջվելով են անցկացրել իրենց կյանքը, նրանցից էլ ավելի մեծ վշտերի համբերել հանձն առան։
 …Չկային նրանց համար առանձին անուշահամ կերակուրներ պատրաստող խոհարարներ և ոչ էլ ջոկ հացարարներ` ազատների սովորության համաձայն նրանց սպասավորելու համար, այլ (այդ ամենը) ընդհանուր էր։ Շաբաթամուտն (անց էին կացնում) անապատում բնակվող միայնակյացների կարգով։ Ոչ ոք մյուսի ձեռին ջուր չէր լցնում, և ոչ էլ կրտսերները ավագներին սրբիչ էին մատուցանում։ Փափկասուն կանանց ձեռքը օճառ չընկավ, և յուղ չառաջարկվեց ուրախության հանդեսների համար: Նրանց առջև մաքուր սկուտեղներ չդրվեցին և ոչ էլ բաժակակալներ տրվեցին ուրախության համար…
   Փոշոտվեցին ու ծխոտվեցին նորահարսների սրահակներն ու առագաստները, և սարդի ոստայններ ձգվեցին նրանց հարսնարաններում. կործանվեցին նրանց դահլիճների բարձր գահերը, և խանգարվեցին նրանց սեղանների պարագաները, ընկան-կործանվեցին նրանց ապարանքները, և տապալվեցին ու ավերվեցին նրանց ապաստան ծառայող ամրոցները։ Զորացան–ճռզեցին նրանց ծաղկանոցների բուրաստանները, և արմատախիլ եղան նրանց գինեբեր այգիների տունկերը։
   Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ, շարունակ բոբիկ, ոտքով էին գնում աղոթատները, առանց ձանձրանալու ուխտելով և խնդրելով, որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը: Ովքեր իրենց մանկությունից հորթերի ուղեղներով և էրեների փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման և ամենևին չէին հիշում իրենց սովորական փափուկ կյանքը: Նրանց մարմինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետնի վրա էին քնում:
  Մոռացան իրենց կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ, կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միամտությամբ հաղթեցին խորամանկությանը և սուրբ սիրով լվացին նախանձի կապտագույն ներկվածքը, կտրեցին ագահության արմատները և չորացրին նրանց ոստերի մահաբեր պտուղները։ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությունը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը…
   Շատ ձմեռների սառույցներ հալվեցին, գարուն հասավ, և նոր ծիծեռներ եկան, կենցաղասեր մարդիկ տեսան և ուրախացան, բայց նրանք երբեք չկարողացան տեսնել իրենց անձկալիներին։ Գարնանային ծաղիկները նրանց միտն էին բերում իրենց հավատարիմ ամուսիններին, բայց նրանց աչքերը կարոտ մնացին նրանց երեսների ցանկալի գեղեցկությունը տեսնելու։ Որսի բարակները վերջացան, և բոլորովին դադարեցին որսորդների արշավանքները։ Նրանք հիշվեցին միայն գրված հիշատակարաններով, և ոչ մի տարեկան տոն նրանց հեռու օտարությունից տուն չբերեց, նրանց ճաշատեղերին նայեցին ու արտասվեցին և բոլոր ատյաններում հիշեցին նրանց անունները։ Շատ արձաններ էին կանգնեցրած նրանց անվանը, և ամեն մեկի անունը նշանակված էր նրանց վրա։
   Եվ մինչդեռ այսպես ամեն կողմից ալեկոծվում էին նրանց մտքերը, նրանք ամենևին չթուլացան երկնավոր առաքինությունից։ Դրսից նայողներին երևում էին որպես սգավոր և չարչարված այրիներ, իսկ իրենց սրտերում զարդարված ու մխիթարված էին երկնավոր սիրով։
Այլևս սովորություն չարին հեռու երկրից եկած մեկին հարցնելու, թե ե՞րբ կլինի, որ տեսնենք մեր սիրելիներին… 

Աշխարհը ուժեղին, քաջին և ազատին է սիրում:

Ազգ որ ապրելու համար մեռել է հաճախ` 
Սակայն մեռնելու մտադրությամբ 
Չի ապրել երբեք… 

   Աշխարհի բոլոր մասերում և բոլոր ժամանակներում ամենաթանկը մարդու համար եղել է, կա, ու հավանաբար դեռ շատ երկար (եթե չասենք անվերջ) կլինի ազատությունը և ինչու միայն մարդու նույնիսկ անգիտակից մորեխն ու գլխուղեղից զուրկ անձրևաորդն է պայքարում ազատության համար, եթե ինչ որ մեկը փորձի զրկել նրան ազատությունից: Մորեխն անշուշտ կարտաբերի մի կաթիլ դառը հեղուկը փորձելով պաշտպանվել, վերջին ուժերը ազդրերի չի խնայի իրեն առաջ մղելու դեպի բաղձալի ազատությունը և ուրեմն, եթե մարդիկ ասում են մարդ` հասկանում են ազատություն, քանզի անազատ մարդը ճորտն է, ստրուկը… որ մարդ է միայն հիշեցնում նրա ֆիզիկական կազմվածքը, իսկ ներաշխարհը… 

ՇՈՒՇԻ
   Մի ամբողջ բաժին ենք նվիրել մարդկային գերագույն երևույթին, երևույթ որ հաճախ է ասպատակվել գիշատիչների կողմից, քանզի ազատ մարդը չի կարող ասպատակել ազատությունը: Միայն ոհմակի շնորհքն է դա, քանզի ոհմակն է որ չունի ազատություն և կուրորեն կատարում է ոհմակապետի հրամանը, բավարարելով ստամոքսն ու անասնական բնազդը միայն: 
      Ազատն աստված այն օրից… 
    Այո ազատ ենք ծնվել ու պիտի մեռնենք ազատ և վայ նրան ով կփորձի խաթարել մեր ազատությունը, իսկ ազատությունը մարդուն, մանավանդ հային հեշտ չի տրվում քանզի շրջապատված ենք բորենիներով, որոնց ոհմակը անգամ ի զորու է փախուստի մատնել ազատ առյուծին, քանի դեռ շատ են, կամ քանի ազատ առյուծը չի դիմի ազատամարտի… 
  Մարդկային պատմագրության յուրաքանչյուր էջ գեղեցիկ է ու վսեմ, երբ սկսվել է ազատամարտով` անկախ կրոնից, մաշկի գույնից և բնակավայրից, ազատամարտ տվող մարդը հարգանքի է արժանի… 
   Իսկ ինչքան այդպիսի էջեր կան Հայ ժողովրդի պատմության մեջ… 
      Դե ուրեմն կարդացե՛ք, բարձրաձայնե՛ք, աղաղակե՛ք այս էջերում գրված պատմություններն ի լուր աշխարհի, որովհետև աշխարհը ուժեղին, քաջին և ազատին է սիրում:
Արա Նախշքարյան

ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ՈԳԵԿՈՉՈՒՄՆԵՐ 2012թ.

1650 ամյակ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ

500 ամյակ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ <ՈՒՐԲԱԹԱԳՐՔԻ> ՏՊԱԳՐՄԱՆ 


420 ամյակ ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ

290 ամյակ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ 

250 ամյակ ԵԶՆԻԿԻ <ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ>-ի ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ

195 ամյակ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԾՆՆԴՅԱՆ 

190 ամյակ ԾԵՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ

170 ամյակ ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲԻ ԾՆՆԴՅԱՆ 

155 ամյակ ԳՈՒՍԱՆ ՇԵՐԱՄԻ ԾՆՆԴՅԱՆ

155 ամյակ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱԽՃԱՆՄԱՆ 

155 ամյակ ՎԱՐԱԳԱ ՎԱՆՔԻ ԺԱՌԱՆԳԱՎՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ

150 ամյակ ՀԱՅԱՍԵՐ ԼԻՆՉԻ ԾՆՆԴՅԱՆ 

150 ամյակ ԶԵՅԹՈՒՆԻ Ա ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ

145 ամյակ ՆԱՐ – ԴՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ 

140 ամյակ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ

135 ամյակ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 

125 ամյակ Ս.Դ.Հ.Կ. ՀԻՄՆԱԴՐՄԱՆ

115 ամյակ ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ 

115 ամյակ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ 75 ամյակ

110 ամյակ ԿԱՐԱ ՄՈՒՐԶԱՅԻ ՄԱՀՎԱՆ 

105 ամյակ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԳԱՌԶՈՒԻ ԾՆՆԴՅԱՆ

105 ամյակ ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 

105 ամյակ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՎԱԽՃԱՆՄԱՆ 

100 ամյակ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 

100 ամյակ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ

100 ամյակ ԵՓՐԵՄ ԽԱՆԻ ՄԱՀՎԱՆ 

100 ամյակ ՀՄԸՄ ՍՏԵՂԾՄԱՆ

90 ամյակ ԻԶՄԻՐԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻ 

90 ամյակ ՋԵՄԱԼ ԱԶՄԻԻ ԵՎ ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐԻ ԱՀԱԲԵԿՄԱՆ

90 ամյակ ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԱՀԱԲԵԿՄԱՆ 

85 ամյակ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՀՎԱՆ

85 ամյակ ՑՐՈՆՔՑԻ ՄՈՒՐԱԴԻ ՄԱՀՎԱՆ 

80 ամյակ ԼԵՈԻ ՄԱՀՎԱՆ

75 ամյակ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՀՎԱՆ 

65 ամյակ ՀԱՄՈ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ

65 ամյակ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 

65 ամյակ ԲԱՆԱՍԵՐ ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ

60 ամյակ ՊԱՏՄԱԲԱՆ ԵՎ ԲԱՆԱՍԵՐ ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 

60 ամյակ ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱԽՃԱՆՄԱՆ

55 ամյակ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 

50 ամյակ ՄԱԼԽԱՍԻ ՄԱՀՎԱՆ

45 ամյակ ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 

45 ամյակ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

40 ամյակ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 

35 ամյակ ԿԱՐՈ ՍԱՍՈՒՆՈՒ ՄԱՀՎԱՆ

30 ամյակ ԱԲՈ ԱՇՃՅԱՆԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ 

30 ամյակ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

25 ամյակ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ               

                                                      ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

20 ամյակ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱԿ-ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ

20 ամյակ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 


10 ամյակ ՀԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ ՄԱՀՎԱՆ

ՎՐԻԺԱՌՈՒ ԲԱԶՈՒԿԸ

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ
Սողոմոն Թեհլերյան
Միսակ Թոռլաքյան
    ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ

      Ծնվել է 1896թ. Երզնկայի    Ներքին Բագառիճ գյուղում, ուր և ստացել է նախնական կրթությունը: Ապա ուսումը շարունակել է Երզնկայում և Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում: 1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով անցնում է Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվում է Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական առաջին ջոկատ, հրամանատար՝ Անդրանիկ):
 ՙՆեմեսիս՚ գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթը: 1921թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Ս. Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին: Եվ 1921թ. հունիսի 2-ին, գերմանական դատարանը՝ Լեմբերգի նախագահությամբ, անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: Այդ արդար դատավճռում մեծ գործ կատարեց վրիժառուի դատապաշտպան, գերմանացի արևելագետ դոկտոր Յոհան Լեփսիուսը: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին: Ի հիշատակ Հայ վրիժառուի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:

Վարդան Ստեփանյան (Դուշման) 1966-1992

Գրքերի աշխարհը

    Ծնվել եմ 1966 թ. մարտի 9-ին: Մայրս Նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի գրադարանի վարիչն էր: Այնտեղից էլ նրան ծննդատուն են տարել, որտեղ ծնվել եմ ես, իսկ հետո իմ բարուրով վերադարձել է գրադարանՙ աշխատանքի: Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը գիրքն է եղել: Մայրս օրորոցիս դիմաց կախել էր Չարենցի նկարը, եւ ես հայացքս միշտ նրա վրա եմ պահել ու կարծես զրուցել նրա հետ: Երբ լեզուս բացվել է, սկսել եմ նրա մասին պատմել, թե նա մեր հողերը ուզեց, չտվեցինՙ մահացավ: Կարդացել եմ գրադարանի գրքերի հիմնական մասը: Պատմավեպերը գրավել են ինձ դեռ տարրական դասարանից: Մի խոսքով, մանկությունս անցել է գրքերի հեքիաթային աշխարհում: Չարենցի «Օ՜հ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…», բանաստեղծությունը կարծես ինձ համար է գրված:
   Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քույրս կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերված» գրականությունը:
     Մանկությանս հիշողությունները վերականգնելիս անմիջապես գրքերի յուրահատուկ հոտն եմ զգում եւ մտքով հայտնվում եմ գրքերի խորհրդավոր աշխարհում: Տարածության վրա հոտառությամբ կարող եմ գտնել գրադարանները, որովհետեւ իմ մանկության հոտը կա բոլոր գրադարաններում:
     Գրքերի համար ցավ եմ զգացել 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում Լենինականում (Գյումրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրանք անխնամ ընկած էին ցախի ու կեղտի մեջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետության մասին էր եւ բարձր տեղ դրեցի, սակայն հետո տեսա խարույկի մեջ այրվելիս: Չէի կարող վերցնել եւ դնել իմ պայուսակում, որովհետեւ ինձ չէր պատկանում, բայց մինչեւ հիմա ցավ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորված եւ այրված գրքերի համար:
   Իսկ հիմա այստեղՙ Արցախում եմ ականատես լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինվորի դեմ կարելի է կռվել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խոսում է բարբարոսության մասին: Պետք է հարգել թշնամու մշակույթը:
      Ազերիները իրենց զայրույթը թափել են Խնձրեստանի դպրոցի գրադարանի վրաՙ այրելով այն: Մորս խնդրել եմՙ գրքեր հավաքի, որ տեղափոխենք Խնձրեստան, վերականգնենք գրադարանը, որովհետեւ այս դպրոցում հայ երեխաներ պետք է կրթվեն, իսկ մարդը կրթվում է գրքերի աշխարհում, դաստիարակվում է այդ գրքերով, նրա հայրենասեր կերպարներով: Յուրաքանչյուր լավ գիրք վարձատրություն չպահանջող մեկ ուսուցիչ է: Սիրուց ծնված գրքերը պետք է պահպանել սիրով:

Վարդան Ստեփանյան (Դուշման)
Follow

Get every new post delivered to your Inbox.