Category Archives: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԷՊՈՍ

ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ
Գիրքը կարող եք կարդալ` այցելելով `http://armenianhouse.org/sasuntsi-david/ia-sanasar-baghdasar.html

«Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը.  ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ: 
Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման: 
«Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:
«Սանասար և Բաղդասար»: Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից: 
Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:
«Մեծ Մհեր»: Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ: 
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:
ՍԱՆԱՍԱՐ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐնկարիչ՝ Էդվարդ Իսաբեկյան
«Սասունցի Դավիթ»: Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:
Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:
«Փոքր Մհեր»: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ: Մեռնում է Գոհարը: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, 
որ էլնենք էդտեղեն:
Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը:
«Սասնա ծռերի» վիպական համակարգում միաձուլված են վերամշակված ու փոխակերպված հնագույն առասպելները, ավանդական վիպական սյուժեները, հեթանոսական պաշտամունքային տարրերը (ջուր, արեգակ), պատմական երգ-զրույցները: Այդուհանդերձ, էպոսի վիպական զարգացումը, ճյուղերի հստակեցումը, վերամշակումը կատարվել են միջնադարում՝ VII–XIII դարերում, նախ՝ Բաղդադի արաբական խալիֆության, ապա՝ Եգիպտոսի (Մըսրա) Էյուբյան արաբ տիրակալների դեմ XII–XIII դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ազդեցությամբ: Էպոսի հերոսներից (նաև բացասական) շատերն ունեն իրենց պատմական նախատիպերը:
«Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիության ոգին է՝ պայմանավորված էպոսի նախահիմքում ընկած առասպելական հերոսների սխրանքներով և ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարով:
Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր: Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որ ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից: Սանասարը զորություն է առնում Վանա ծովից, այնտեղից հանում է իր ձին՝ Քուռկիկ-Ջալալին, զենքն ու զրահը՝ Թուր Կեծակին, Թամքը սադաֆին, Կապան ղադիֆեն և Խաչ Պատերազմին և այլն, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: 
Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն: Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար: Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն: 
Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր իդեալ հերոսը: 
Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար: Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր»): Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»:
Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստնությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:
«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ: Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն: 
Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թ-ին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թ-ին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի):
Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով: Դրանք գրառված են XIX–XX դարերում և կառուցվածքով, լեզվաբարբառային ու վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական-տեղագրական 3 մեծ խմբերի՝ Սասնա, Մշո և Մոկաց: Ենթադրվում է, որ նախնական պարզ ու կուռ տիպը եղել է Սասնա խումբը, որի տարածումից ու տեղական մշակումներից էլ առաջացել են մյուսները: 
«Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային-երաժշտական վիպերգ է: Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար:
«Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան:
1939 թ-ին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին: 
Էպոսի համահավաք տեքստը թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բելոռուսերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, լեհերեն և այլ լեզուներով:
«Սասնա ծռերն» ունեցել է բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» (1903 թ.) անավարտ պոեմն է: «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ: Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Հրայր Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թ., մուլտֆիլմ), թատրոնում:
Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, Ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները:
ՀՀ-ում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, մետրոպոլիտենի կայարան՝ «Սասունցի Դավիթ»՝ Երևանում:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:
1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:
… Համաձայն ընդհանուր կարգի` զինվորները պարտավոր էին «ոտքի լինել» առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ հետո տրվում էր առավոտյան թեյը, 6:30-ից մինչև 9:30-ը «բոլոր վաշտերում ու ջոկատներում» սկսվում էր մարզանքը, 11:30-ին ճաշն էր, որից հետո հավանբար հանգիստ էր տրվում, ստուգումը, որով ավարտվում էր զինվորների աշխատանքային օրը, կատարվում էր երեկոյան ժամը 8-ին:
Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:
  
Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներում հրացանաձգության վարժություններ: Նախորդ օրը ստացել էին «զինվորական բոլոր պարագաները, այն է` ջրաման, պայուսակ իրեղենների, տոպրակ երկուական հատ, մեկը ուտեստի պաշարի, մյուսը թել-ասեղի համար, փամփուշտակալներ, կացիններ, կերակրամաններ, յուրաքանչյուր տասնյակի համար մի չայնիկ, թեյամաններ, յուղամաններ, ուսադիրներ,— բոլոր պարագաները, ինչ որ հրահանգված է տնտեսական մասի կառավարողին»:
Կամավորներին ռազմական գործին վարժեցնում էին ցարական բանակից հատուկ այդ նպատակով հրավիրված կադրային հայ զինվորներ ու ցածրաստիճան սպաներ: Կամավորականների համար 1915-ին հաստատվում է միասնական զինվորական հանդերձանք` կանաչ ուսադիրներով, որոնց վրա կարդացվում էին АД տառերը (армянские добровольцы) գծիկով, որին հաջորդում է համապատասխան գումարտակի համարը (ասենք` АД-6):
Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին: Գումարտակում մեծ թվով հնչակյանների կային, որի պատճառով այն կոչվում էր «հնչակյան»:
1915թ. սեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտայը առանց կռիվների հասնում է Վան, այնտեղից` Անգեղ գյուղը, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետ: Կամավորական գումարտակն ազատագրում է Նարեկը և Աղթամարը: Այնուհետև, մինչև նոյեմբեր ամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունենում 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերում է Շեյթանաբադ գյուղում, որտեղ, քրդական դարանակալ հարձակումից ամբողջովին ոչնչանում է: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:
1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս… ու առևտրական գործակալ… Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:
1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:
Պարտվելով համաշխարհային պատերազմում և 1918թ. հոկտեմբերին կնքելով Մուդրոսի զինադադարը թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:
Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:
Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:
«ՆՈՅԵՄԲԵՐ» միության անդամները Եղիշե ՉԱՐԵՆՑԻ հետ,
Երևան, 1926 թ.։
1. Մկրատիչ Արմեն
2. Գառնին Ղազարյան  3. Տիրան Ղազանչյան

4. Անուշավան Վարդանյան
5. Եղիշե Չարենց 6. Վաղարշակ Նորենց
7. Գուրգեն Մահարի 8. Գեղամ Սարյան 9. Սուրեն
1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:
Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: …Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: …Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը:
Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:
1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:
1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:
1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:
1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն… իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:
Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.
— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:
1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:
Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:
Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:
«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում…
— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:
Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:
1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:
Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…
Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

ԱՐՄԵՆ ԳԱՐՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Թբիլիսի 1905թվական

Փողոցի մայթով գնում են առաջ
Հայկական թաղի ջահել հայորդիք.
Թաթար վայրենուն չթողնեն հանկարծ՝
Պղծի իրենց սուրբ Մայր եկեղեցին:

Մահակ, դանակ, ատրճանակ.
Շարժվում ենք լուռ ու հպարտ, 
Որ էլ չասեն հայը վախեցավ, 
Տունտեղը թողեց ու փախավ:

-Ահա հորդան թաթարական՝
«Ալլահ» բառը շուրթին դաջած
Խմբվում է մեր դեմ-դիմաց:

Ձայներ, ճիչեր, աղաղակներ
Վանքի դռնից զանգեր, աղերսանքներ,
Կոչեր կռվի թուրքի շուրթից,
Կոչեր կռվի ու նոր ջարդի:

Ծխում է թաղը վառոդի հոտից
Թեթև շարքերով շարժվում ենք առաջ՝
Պատռելով կուրծքը թունոտ ոսոխի,
Եվ հագենում է մարմինս արյամբ՝
Արյան շիթերով ծածկելով չորս դին:

Մարդ չենք, այլ կարմիր գազան.
Գազանի պես կռվում ենք,
Գազանի պես ընկնում
Ու խավար-խավար
Պարզ երկնքի տակ…

Մթնեց երկինքը աչքերիս առաջ,
Հիշում եմ միայն թաղն իմ հայկական,
Հիշում եմ քեզ, իմ աղջիկ սևաչյա,
Քո հայացքը պարզ, բայց անգին այնքան:

Գիտեմ, որ դու ես իմ հայրենիքը,
Գիտեմ՝ կապրեմ ես քո սիրավառ
Հայացքում այն պարզ, բայց անգին այնքան: 
Եվ ես չեմ մեռնի,
Քանի դու կապրես աշխարհում այս չար
Որպես ապացույց, որ ես դեռ կամ…

ճԱՄՓԱՍ ԲԱՑԵ´Ք, ԵՍ ՂԱՐՍ ԿԵՐԹԱՄ

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Դուք ինձ ներեք ի´մ գարուններ,

Այգաբացեր իմ կյանքի.
Դուք մանկության ծաղկուն սարեր
Զմրուխտ հավքեր երկնքի,
Որ չեմ երգում ծառ ու ծաղիկ
Վարդ , մանուշակ ու մեխակ,
Որ չեն գերում երգն հավքերի,
Վայելքները բովանդակ.
Սերն էլ սրտիս խորհքում լռեց,
Աստղ ու լուսին խավարեց.
Էլ չեմ կարող ձեր գովքն անել
Միտքս ճամփա է ընկել.
Երկնած միտքս ճամփա կերթա 
Ընկել ճամփա Մասիս կերթա
Կերթա Սիփան ու Մարութա 
Մեր սարերը… լիճը Վանա,
Քաղաքները’ Ղարս, Ադանա,
Բիթլիս, Էրզրում ու Երզնկա,
Մուշ ու Սասուն,
Որ ծառերուն կիջներ 
Կիջներ անու՜շ մանանա
Միտքս երկնել ճամփա կերթա
Դուք ինձանից միք նեղանա
ճամփա ընկել ոտքով կերթա
Ոտաբոբիկ, հանց ուղտավոր.
Մեր վանքերն ու բերդերն անտեր
Ամրոց, տաճար’ Անին ավեր
Ամե´նն ավեր,
Թուրքի դավեր
Ջարդին, թափին մեր խաչքարեր,
Վառին մեր սուրբ ավետարան, 
Գիրք ու մատյան…
Մարագներում մանուկ ու ծեր 
Հարսն ու փեսա’ ահե՜լ, ջահե՜լ
Կրակ տվին ու վառեցին,
Խորովեցին ազգիս սաղ-սաղ
Թուրք շները նենգ ու խարդաղ.
Էլ ձեր գովքն ինչպե՞ս անեմ.
Սիրտս է լցվել լոկ ա՜խ ու վա՜խ.
Թուրքը զավթեց մեր գողգոթան
Թափառ դարձանք ու գաղթական.
Մենք նայեցինք մահվան դեմքին,
Բայց ապրեցինք,
Մենք ժայռ դարձանք հողմերի դեմ 
Մաքառեցինք,
Մենք գետ դարձանք’ մեր հուներից 
Վարարեցինք
Դարձանք մենք սերմ ու ցանվեցինք 
Աշխարհով մեկ.
Դարձանք ավեր,
Տուն- տնավեր
Դարձանք խիղճն ողջ աշխարհի,
Քար աշխարհի,
Կույր աշխարհի
ՈՒ լռեցինք…
Այս էլ արդեն
Քանի՜, քանի ՜ տարի…
* * *
Դե արի ու պոետ հիմա 
Գարուն երգիր, սիրտդ թնդա,
Երբ սրտիցդ արյուն ելել
Գետ է դառել, ելե՜լ կերթա…
Դուք ինձանից մի´ք նեղանա
Իմ խնկաբույր այգաբացներ,
Ծառ ու ծաղիկ, երկնի հավքեր,
Սարից իջնող պաղ- պաղ ջրեր,
Ձյունի տակից նոր արթնացած,
Կապույտ աչքերդ դեպ ինձ պարզած
Մանկությունից ձեզնով գերված.
Դուք իմ անգի’ն ձնծաղիկներ,
Ի´մ գարուններ.
Սրտես արյուն ելել կերթա 
Դուք ինձանից մի’ք նեղանա
Միտքս երկնել ճամփա կերթա.
Կարոտ սիրտս բողչան կապել,
Տեղից ելել 
ճամփա ընկել մեր տուն կերթա,
Որ իմ պապի’
Բալո աղի
Տուն ու տեղին,
Արտ ու ցանքին
Մեր կալերին
Որ տեր դառնամ,
Որ oջախիս ծուխը դառնամ’
Երկինք ելնեմ.
ճամփաս բացե´ք.
Ես Ղարս կերթամ,
Ի´մ տուն կերթամ.
Ես մեն – մենակ կռիվ կերթամ…

ԳԱՐՄԱՐ

ԼՍԻՐ ԽԵՆԹԵՐԻՑ՝ ԽԵՆԹԻ ՁԱՅՆԸ ԻՄ,

ԵՍ ԵՄ ԳԱՐՄԱՐԸ՝ ԱՆՀԱՅՏ ԲԱՆԱՍՏԵՂԾ:

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԲԼՈՒՐԻ ՎՐԱ

-Երդվի՛ր,
Որ մինչ նախնյացդ հողին հանձնելը,
Հուշն իրենց կերոն չես թողնի հանգչի:
-Երդվում եմ…

-Երդվի՛ր,
Որ ալ արյանդ վերջին կաթիլը,
Կտաս հանց մեռոն հողիդ, երբ կանչի:
-Երդվում եմ…

-Երդվի՛ր,
Որ մինչ հայրերիդ հողն ազատելը,
Ո՛չ հանգիստ, ո՛չ քուն դու չես ճանաչի:
-Երդվում եմ…

-Երդվի՛ր, Որ հզոր երկիր նորից կերտելը,
Հսկելն օրնիբուն պարտքն է քո աջի:
-Երդվում եմ…
-Երդվի՛ր,
Որ սուրբ օջախիդ ծուխը պահելը,
Պահպանելն արթուն լոյսն է քո աչի:
-Երդվում եմ…

-Երդվի՛ր,
Որ նոր սերնդիդ Արի կրթելը,
Մեծացնելն անթույն լույսն է քո աճի:
-Երդվում եմ…

-Երդվի՛ր…
-Երդվում եմ
Արևով արյան, որ տերն եմ Հայ Տան`
Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի:

-ԵՐԴՎՈւՄ ԵՆՔ…

ԽՐԱՄԱՏԻ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ

ՌԱՖԻԿ   ՂԱԶԻՆՅԱՆ
Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից ՌԱՖԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ մի օր ինձ նվիրեց իր <Մարտադաշտի ծոցատետրից> բանաստեղծությունների շարք՝ նվիրված Մեծ հայդուկապետ Շահեն Մեղրյանին և նրա զինակիցներին:
Այսօր ես էլ սիրով նվիրում եմ բոլոր կարդացողներիդ:

 _________________________________

                 

ՀԻՇԱՏԱԿԻ ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Լուսինը կարմիր է հագել,
Առավոտ գրոհ է լինելու. 
Ումից է արյունն այս կաթել. - 
Լուսինը կարմիր է հագել: 
Ում խեղճ մոր երազն է ընդհատվել. 
Առավոտ ինչ զոհ է լինելու. - 
Առավոտ գրոհ է լինելու - 
Լուսինը կարմիր է հագել… 
Լուսինը կարմիր է հագել. 
Մահն է, տես, մեզանից բամբասում. - 
Ում հերթն է մեզանից, չի ասում. 
Լուսինը կարմիր է հագել: 
Մայրդ քեզ տեսել էր երազում. 
Մի աստղ էր երկնքից կաթել. - 
Մահն է, տես, մեզանից բամբասում 
Լուսինը կարմիր է հագել…
Հունիս 1993թ. 
Աշխարհում Ուրիշ ոչ մի տեղ
Մահն այսպես չի խեղճացել.
Այստեղ այն Ուրիշ անուն ունի –
Այստեղ դու ամեն օր քնում ես
Մահը գրկած, Այստեղ նա վախից
Ծվարել է քո մեջ…
Յուղակեր, ապրիլ 1993թ.                    
ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻՆ
Մի մեծ վերք է դաջվել, Մռով, Իծաքարիդ լանջին,
Ինչպե՞ս ականջալուր չեղար Մեծ Շահենիդ կանչին:
Փակվե՞լ էիր դու սեւ ամպից, Թե՞ աչքդ էր կպել,
Ո՞նց թողեցիր, որ քո լանջից Նահապետիդ խփեն: 
Ախր, ինքդ տեսար՝ Գյուլիստան էր մտել, 
Պապենական սյունն իրենց տան 
Ո՛նց էր ամուր գրկել: 
Հետո մոմ էր վառել, Իրենց գյուղի վանքում, 
Հետո գիտե՞ս, Մռով, Ի՞նչ էր նա աղոթում: 
ՙԳիտեմ, քո լանջերը Արկերով են հերկում, 
Դրա հետի եմ ես Տվել մի սուրբ երդում: 
Պիտի բուժենք բոլոր Քո վերքերը, Մռով, 
Ըլելական պեն չի, որ քեզ թողնենք խռով…՚: 
Ու քո ցավերն իր մեջ Նա գնում էր… որ գար 
Ու իր քաջերի հետ Վերջին կռիվը տար: 
Սակայն մի մեծ վերք է դաջվել Իծաքարիդ լանջին… 
Ինչպե՞ս ականջալուր չեղար Մեծ Շահենիդ կանչին:
Այսօր ես քեզ այցի եկա,
Թանկ շիրիմիդ, Շահեն,
Քեզ Մռովից մի փունջ բերի,
Որ տղերքն են քաղել:
Ախր, ո՞նց ես թողել
Քո քաջերին մոլոր…
Արի, վեր կաց, Շահեն
Արի գնանք Մռով…
ԵՌԱԲԼՈՒՐ
Մեծ Մռովից եմ Ես այստեղ իջել,
Ես իմ կամոք չեմ Այստեղ լուռ ննջել:
Իմ հոգին Մռով Սարի լանջին է.
Իմ զինվորներն են Այստեղ ինձ կանչել 
Մռովի արցունք՝ Խաչքար եմ դարձել: 
Մեծ Մռովից ես Ձեզ հյուր եմ իջել. 
Մի՜ փորձեք մարդի՜կ, 
Քունս խանգարել: 
Մի՜ փորձեք մարդի՜կ, Քունս խանգարել… 
Ինձ իմ Մռովի Կարոտն է տանջում. 
Ես իմ կամոք չեմ Այստեղ լուռ ննջում… 
Իմ զինվորները Ինձ են կանչում: 
05 սեպտեմբեր 1993թ.

ԱՐԾԻՎՆԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՆ ՄԵՌՆՈՒՄ

ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏ ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԸ

…Սերունդները կհիշեն  նրա  մեծ  ու փոքր հաղթանակներն
ու վերջին  թռիչքը դեպի ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Նրանք՝ ովքեր գեթ մեկ անգամ տեսել են Շահեն Մեղրյանին, լսել նրա հաստատակամ խոսքը, գիտեն նրա անհանգիստ բնավորությունն ու խելացի միտքը, չեն կարող հաշտվել նրա կորստյան հետ, քանզի նրան կորցրինք մեզ համար ճակատագրական պահի, և եթե նա լիներ, գուցե թե այլ ընտրանք կունենար մեր բախտի անիվը:

…Բոլորս էլ աշխարհից հեռանում ենք: Մահկանացուների մեջ, սակայն, կան բախտավոր մարդիկ, որոնց հողեղեն մարմինը հեռանում է աշխարհից, բայց իրենք շարունակում են ապրել: Շարունակում են ապրել մեր մեջ որպես բարոյականության, գաղափարի, կամքի մարմնացում: Եվ այսպես, մարդկային շարունակականությունը, որպես հոգու՝ դրսևորում է սերունդների ու ժողովուրդների մեջ: Ոչ բոլորին է տրվում տնօրինելու հավիտենորեն ապրելու երջանկությունը, բայց Շահենը այն մարդկանցից էր, որին ճակատագիրը ընտրել էր անմահության համար: Ուստի՝ զարմանալի չէր այն, որ երբ Շահումյանն ընկավ, Շահենը չկորցրեց սթափությունը: Նույն պահին էլ վերագտավ իր հոգու կորովն ու մինչև մահ շարունակեց պայքարը, որդեգրելով նոր ուղի՝ պարտիզանականը:
Առասպելական այդ դյուցազնը իր ձեռքով գրեց սեփական կենսագրությունը, իր հերոսական պայքարով լրացնելով Արցախյան գոյակռվի, գոյապայքարի հերոսապատումը:
…Իսկ հեռվում վեր է հառնում իր բախտից խռով Մռով սարը, որի չորս կողմը խելահեղ պտտվող քամիները, կարծես ցավ պատճառելու համար, դեպի վեր՝ ամպերը թևելիս հարցմունք են անում.
-Ու՞ր է այն արծիվը, որ պտտվում էր այս կողմերում…
Մռավի պատասխանը մեկն է.
-Նրանք դեռ կգան, կգան Շահենի տեսքով… ու Շահումյանը կազատագրվի:
Ու…
Ու պայքարը կշարունակվի… 
ԱՐԱ  ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՄԱՍ  Ա

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 
Follow

Get every new post delivered to your Inbox.